Մայր Աթոռ սուրբ էջմիածինն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին։
«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ` հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը»,– նշված է հայտարարությունում։
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Բաքվի ցեղասպան գործողություններին։