AM
20 September 2023 - 12:39 AMT

Արցախցի երգիչ Լյոկա հրաժարվել է Snoop Dogg-ի համերգին ելույթից

Արցախցի երգիչ Լյոկան որոշել է հրաժարվել Snoop Dogg-ի համերգին նախատեսված իր ելույթից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից», – գրել է արցախցի երգիչը։

«Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ի վիճակի չեմ ավելին ասելու։ Մանրամասները կլինեն հաջորդիվ» , – գրել է նա։

Snoop Dogg-ի համերգը նախատեսված է Երևանում սեպտեմբերի 23–ին։

Դրա կազմակերպիչ Doping Space ընկերությունն իր հերթին ֆեյսբուքյան հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

«Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-գրված է տեքստում։

Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։