ՀՀ-ն քննարկում է արցախահայերի հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցը, հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը, տեղեկացնում է Factor TV-ն:
«Միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում»,- նշել է նա՝ հերքելով այն լուրերը, թե Հայաստանը չի պատրաստվում ընդունել արցախցիներին։
«Տվյալ պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ոչ մի քաղաքացի չի տեղափոխվել Հայաստան։ Սակայն ակտիվ քննարկումներ են ընթանում տարբեր պատասխանատու գերատեսչությունների հետ և քննարկվում են տարևբեր սցենարներ, այդ թվում՝ Արցախի քաղաքացիներին Հայաստանում տեղավորելու հարցով»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով ԱՀ ամբողջ տարածքը։ Արդյունքում Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղհամայնքից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Իրենց հերթին՝ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով նրանց աջակցությունը: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից հրադադար է հաստատվել՝ Ստեփանակերտն ամբողջությամբ ընդունել է Բաքվի բոլոր պահանջները: