«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ձերբակալվել է ։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ պատճառը չգիտի։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Մալյանին ձերբակալել են «ատելության խոսքի հոդվածով»։
«Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը իբր կատարելու համար: Հիշեցնեմ, որ ժամանակին նմանատիպ հոդված ՝ 226.2 հոդվածը, մտցվել էր հին քրեական օրենսգրքում հենց Նարեկ Մալյանի համար:
Հոդվածի կարճ նկարագրությունն է՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:
Նշված հոդվածի մասը նախատեսում է որպես պատիժ 1-4 տարի ազատազրկում, ինչից պետք է եզրակացնել, որ արդեն մի դատավոր պատրաստ-գրած ունի Նարեկին կալանավորելու որոշումը:
Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն»,–գրել է նա։
Մալյանը մասնակցել է սեպտեմբերի 19–ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հավաքին։