Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ շատ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։
«Մենք շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր», -ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում կարող են կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Այս բանակցությունների մասին հայտարարվել էր դեռ մայիսին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ և նույնիսկ երկաթուղի:
«Շատ կուզենք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս», – ասել է նա:
Սիմոնյանը հիշեցրել է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հունիսի 15-ին արձանագրվել է, որ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչել, գործընթացները տեղի են ունենալու Ալմաթիի համաձայնության հիման վրա, և կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների ինքնիշխանության պահպանման պայմանով, ինչը հիմք կարող է հանդիսանալ համաձայնության հասնելու համար:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։