Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:
Սեպտեմբերի 27-ի Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Վիրավորների տեղափոխման գործընթացը շարունակվում է:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: