ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ ունի մի նախագիծ, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում գտնվող քաղաքացիներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից։ Այդ մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մենք նախատեսում ենք այս ծրագրերն իրականացնել ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Այս ծրագրերն ունենալու են ևս մեկ բաղադրիչ. մենք տրամադրելու ենք մեր հայրենակիցներին սննդի քարտեր` պարենային զամբյուղին համարժեք գումարով, որպեսզի կարողանան սննդամթերքի խնդիրները լուծել»,–ասել է Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախարարը նշել է` քանի որ առջևում ձմեռ է, չի բացառվում, որ նաև կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիր իրականացվի։
«Մեր այն հայրենակիցները, որոնք չեն հաշվառվել և, օրինակ, տեղափոխվել են Կոտայքի, Արմավիրի և այլ մարզեր, ծրագրի գործարկման պարագայում շահառու դառնալու հնարավորություն ևս կունենան»,–ասել է նա։
Նա հիշեցրել է, որ նմանատիպ ծրագիր գործարկել են նաև 2020 թվականին, երբ ՀՀ–ում բնակվող անձինք կարող էին հյուրընկալել Արցախի հայրենակիցներին և դրա դիմաց պետությունից ստանալ որոշակի փոխհատուցում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: