AM
28 September 2023 - 09:13 AMT

ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունել է Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Այն կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում։

Նախագծի քննարկմանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը հայ–ռուսական հարաբերությունների դեմ չէ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու իրական պատճառն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմունենալն է:

ՀՀ կառավարության ներկայացրած նախագծում՝ Հռոմի ստատուն ընդունելու որպես հիմնավորում նշվում է, որ Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է հետևւյալ հանգամանքներով. 2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետեւ, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի եւ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

2023–ի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Ռուսական կողմը մտահոգություններ ունի, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար:

Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և հայտարարել, որ իր հետագա գործողությունները կբխեն հայկական կողմի պատասխանից։