Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ սեպտեմբերի 28–ի ժամը 10։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է ժամանել 66,500 բռնի տեղահանված։
Խոսելով կարճաժամկետ լուծումների մասին՝ նա նշել է, որ բացի օթևանի տրամադրման ծրագրից կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հնարավորությունը։
Նա նշել է, որ բոլոր տեղահանվածներին կացարան է առաջարկվում, սակայն դրանից օգտվել է միայն 11,000–ը, քանի որ մի մասը հայտնում է, որ ունի կացարանի հասցե։
«Հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառել ՀՀ սոցիալական ծառայությունների ցանկում»,– ասել է վարչապետը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: