Հայաստանը հույս ունի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արագ կարձագանքի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով դիմումին։ Այդ մասին ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ–ից պահանջում են երաշխավորել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքը
Ադրբեջանը 4 ամսով կալանավորել է սեպտեմբերի 27–ին Լաչինի միջանցքում ձերբակալված Վարդանյանին՝ մի շարք մեղադրանքներ ներկայացնելով նրան։
«Դատարանից պահանջել ենք կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները, առաջնայինը` կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի արգելք»,– ասել է Կիրակոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա հայտնել է, որ կապի մեջ են Վարդանյանի հարազատների հետ, պատասխան ստանալու դեպքում անմիջապես տեղեկություններ կփոխանցեն ընտանիքին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանը չի պատրաստվում այս հարցով միջազգային իրավական այլ ատյաններ դիմել, Կիրակոսյանը նշել է, որ հնարավոր երկրորդ ատյանը Միջազգային քրեական դատարանն է։ Երբ դիմեն, հաղորդագրություն կտարածվի։
Կիրակոսյանը խոսել է նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին։ Նրա խոսքով կա ցուցակ, որին ինքը ծանոթ է, այդ ուղղությամբ էլ են աշխատանք տանում, միաժամանակ փորձում են ճշգրտումներ անել արդյոք ցուցակում նոր անուններ ընդգրկվել են, թե ոչ։
«Մի քիչ չեմ պատկերացնում, որ ձերբակալությունները կանխարգելել հնարավոր կլինի, կարծում եմ` այստեղ ավելի շատ պոստ–ֆակտում պետք է գործել։ Ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք, կփորձենք հնարավոր իրավական միջոցները ձեռնարկել կանխարգելելու համար, բայց դեռ շուտ է բան ասել»,– նշել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։