Երևանի տարբեր ԲԿ-ներում Արցախից տեղափոխված 7 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից, գրում է Aysor.am-ը։
Նախարարության տեղեկացմամբ՝ նրանցից 6-ի մահվան պատճառը բենզալցակայանի պայթյունի հետևանքով ստացված այրվածքներն են, իսկ մեկինը՝ վիրավորումը։
«Մահերն անխուսափելի են եղել, քանի որ պացիենտները գտնվել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: