AM
28 September 2023 - 10:59 AMT

Չալաբյան․ ԱՀ լուծարման հրամանագիրը ստորագրվել է ուժի պարտադրանքով՝ այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ

Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ լուծարման հրամանագիրը ստորագրվել է ուժի պարտադրանքով՝ այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ։

«Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ։

Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին և նրա հերոսական ժողովրդին»։

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որը բխում է 2023–ի սեպտեմբերի 19–ից հետո ստեղծված վիճակից, այն է՝ լուծարել Արցախի Հանրապետությունը, բորոր պետական կառույցներն ու կազմակերպությունները։ Ըստ հրամանագրի Արցախի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը 2024–ի հունվարի 1–ին: