Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով Արցախից ներգաղթող բռնի տեղահանվածների մասին, նշել է, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ։
«Պիտի արձանագրեմ նաև, որ անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է»,–ասել է նա։
Նա նշել է, որ ՀՀ պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում։
«Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,–ասել է նա։
Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։