Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք ՌԴ–ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,– նշել է Կիրակոսյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։
«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,– ասել է Կիրակոսյանը։
Վերադառնալով համաձայնագրի թեմային նա հայտնել է, որ դեռ ամիսներ առաջ ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։
«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,– նշել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։