AM
28 September 2023 - 14:14 AMT

«Մայր Հայաստանը» կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։

Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,–ասվում է հայտարարության մեջ։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարել է, որ չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել իրեն։

«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։ Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկել մեր թեկնածուի օգտին»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am–ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին, համապատասխան արձանագրությունը հնգօրյա ժամկետում կուղարկվի Հայաստանի վարչապետին: Արձանագրությունը ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրվել է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։