AM
28 September 2023 - 14:22 AMT

ՀՀԿ–ն Հռոմի ստատուտի վավերացումը հարված է համարում ՌԴ հետ հարաբերություններին, «Հայաստանը»՝ հակասահմանադրական

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Հռոմի կանոնադրության (ստատուտի) վավերացման նախագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ` նշելով, որ անդառնալի հարված կհասցնի ՌԴ հետ Հայաստանի հարաբերություններին:

«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել: Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները այն ճանաչելով սահմանադրական:

Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային Քրեական Դատարանի վերջին որոշումը ՌԴ նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ ՄՔԴ–ն չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: ՀՀ տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային Քրեական Դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:

Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ հապված հարցերին:

․․․Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպում գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ Հայաստանի համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ևս Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։

«Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է ՌԴ հանդեպ։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը: