AM
28 September 2023 - 14:49 AMT

Տեր-Պետրոսյան․ Թե իշխանությանը, թե ընդդիմությանը ոչինչ չպետք է շեղի արցախահայությանն արժանապատիվ կյանքով ապահովելու խնդրից

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թե իշխանություններին, թե ընդդիմությանը ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը արժանապատիվ կյանքով ապահովելու խնդրից:

«Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»,–ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: