«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, ինչը նշանակում է, որ այդ ուժի ներկայացուցիչները չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին։
Նիստը բոյկոտելու մասին է հայտարարել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։
Մարությանը կոչ է արել «Հանրային ձայնից» ընտրվածներին ևս միանալ այդ բոյկոտին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի, քաղաքապետ չընտրվի և հնարավոր լինի գնալ ավագանու նոր ընտրությունների:
ԿԸՀ–ն հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց մանդատները վայր չեն դրել, մինչև հոկտեմբերի 10–ին կայանալիք ավագանու առաջին նիստը դա անել չեն կարող։
Մարությանը նշել է, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամ՝ Արտակ Գալստյանը, որը կալանքի տակ է, և Տիգրան Ուրիխանյանը, որը հետախուզման մեջ է, չեն հասցրել հրաժարվել մանդատներից, ուստի ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել ավագանու առաջին նիստին։ Դա նշանակում է, որ հնարավոր չի լինի ընդնդիմադիր թեկնածուի համար ապահովել 33 կողմ ձայն:
«Մեր ֆրակցիան հայտարարում է, որ մենք գնում ենք նոր ընտրությունների»,–ասել է Մարությանը։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագնաքել է Մարությանի հայտարարությանը՝ նշելով, որ եթե Մարությանը ժամանակին համաձայներ իր առաջարկին, իրենց ուժին վերապահեր վերահսկողական վարչության ղեկավարումը, այս վիճակը չէր ստեղծվի։
Նա հավելել է, որ Մարությանը 10 օր ունի մտածելու՝ եթե համաձայնվի կոալիցիա կազմել իր ուժի հետ, իրենք ևս կբոյկոտեն առաջին նիստը։
Ղուկասյանը նաև նոր պայման է առաջ քաշել, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր երրորդ թաղապետը «Հանրային ձայնից» լինի։
«Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասեիր էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ։ Եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, հիման ամեն 3-րդ թաղապետն իմն է»,-ասել է նա:
Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել էր` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման էր դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։