Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի մոտ 6000 խաչքարերի իսպառ ոչնչացումը։ Այդ մասին կաթողիկոսն ասել է Մայր Աթոռում Ավստրալիայի Նահանգային խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում են պատվիրակության համանախագահներ Հուգ Մըք Դերմոթը և Փիմ Ջեյմսը։
Նորին Սրբությունը խորը մտահոգությամբ է անդրադարձել արցախահայության շարունակվող բռնի տեղահանությանը և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայորդիների հետապնդումներին։
Կաթողիկոսն անդրադարձել է միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, ինչը և առիթ է տվել Ադրբեջանին անարգել իրագործել Արցախում իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը՝ շրջանցելով միջազգային մարդասիրական բոլոր նորմերը։
Հանդիպմանը, Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Ավստրալիա կատարած իր հովվապետական այցելություններին, գոհունակությամբ արձանագրել, որ ականատեսն է եղել Ավստրալիայի ժողովրդի ու իշխանությունների՝ հայկական համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, հանուն հավատավոր հայորդիների, իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին։
Իր հերթին պատվիրակության համանախագահ Հուգ Մըք Դերմոթը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար և ընդգծել, որ առկա մարտահրավերների և սպասվող զարգացումների մասին ամբողջական պատկերացումն օգտակար կլինի իրենց հետագա հայանպաստ գործունեության ընթացքում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: