ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք ու նրանք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»,- նշել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։
Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ սահմաններին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
«ՊՆ-ն ուշի-ուշով հետևում է իրավիճակի փոփոխությանը, դինամիկային, որևէ փոփոխության դեպքում մենք անմիջապես կիրազեկենք հանրությանը»,- ասել է նա։
Փոխնախարարը հրաժարվել է ասել, թե սահմանների որ ուղղությամբ է Ադրբեջանը զորք կուտակել։
«Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում մեր հրապարակած տվյալներով, չպետք է մոռանանք, որ Հայաստանը հայտնվել է սահմանային գոտում ու եթե կուտակումներ լինում են, ապա վերաբերում է բոլոր հատվածներին, բայց, կարևորը, այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է ու այս պահին լարման միտում չի նկատվում»,- ասել է Սարգսյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: