Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին Արցախից բռնի տեղահանվածների շրջանում գրանցվել են մահեր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել և այդ ընթացքում գրանցվել են մահեր, ինսուլտի դեպքեր են եղել մեծահասակների շրջանում։ Գիտեք, Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելին չի տևում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նշել է, որ բռնի տեղահանումը ցավալի հետևանքներ է ունենում, որի ականատեսն ենք լինում։
«Մարդիկ հյուծված վիճակում, մի քանի ժամում, թողել են իրենց ունեցվածքը, անգամ դեղեր չունենալով` ճանապարհ են եկել, խցանումների մեջ են եղել»,– նշել է Ավանեսյանը։
Նա նշել է, որ Հայաստանի հիվանդանոցներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 70 քաղաքացիական անձ է բուժում ստանում։
«Նրանց թիվը փոփոխվում է, նրանք 60-70-ից ավելին են և սա միայն քաղաքացիական բնակչության շրջանում եղած անձինք են։ Նրանք ունեն սրտանոթային և մի շարք այլ հիվանդություններ»,– նշել է Ավանեսյանը։
Նա շեշտել է, որ Գորիսի և Վայքի կետերում հաշվառումից հետո գնահատվում են մարդկանց առաջնային կարիքները, որից հետո էլ, եթե հասկանում են, որ հոսպիտալացման կարիք կա, ապա շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոցներ։
«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց տեղակայման վայրերում դիմեն պոլիկլինիկաներ, կցագրվեն և այնտեղ ստանան իրենց բժշկական ծառայությունները»,– ասել է Ավանեսյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: