AM
29 September 2023 - 09:40 AMT

Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Ռուբեն Վարդանյանի

Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որին Բաքուն շինծու մեղադրանքներով կալանավորել է 4 ամսով։

Երթի կարգախոսն է «Ռուբեն, քեզ հետ ենք»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարդանյանի ընկեր և գործընկեր Ռուբեն Հայրապետյանը։

«Ընկերնե՛ր, հազարավոր նամակներ և զանգեր ենք ստացել Հայաստանից և ամբողջ աշխարհից այն հարցով, թե ինչպես կարելի է օգնել Ռուբեն Վարդանյանին, որը պարզապես առևանգվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից զուտ այն պատճառով, որ պայքարել և պայքարում է իր հայրենիքի համար: Դրանով իսկ Ռուբենը, ցավոք, դարձել է Ադրբեջանի թիվ 1 թշնամին և թիրախը:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավական, դիվանագիտական, տեղեկատվական և այլն: Այդ պայքարի համար չափազանց կարևոր է առավելագույն իրազեկումը և աշխարհի ուշադրության գրավումը Ադրբեջանի հերթական խայտառակ արարքին:

Այդ նպատակով սեպտեմբերի 30-ին՝ 15:00-ին, Մատենադարանի մոտից կմեկնարկի խաղաղ երթ՝ ի աջակցություն մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի, որը, մեղմ ասած, քիչ բան չի արել Հայաստանի և Արցախի համար:

Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի հեղինակությունը և դեպքի միջազգային հնչեղությունը՝ սա առիթ է՝ նորից բարձրաձայնելու և պահանջելու առևանգված ու գերեվարված մեր բոլոր հայրենակիցների վերադարձը:

Խնդրում եմ մի կողմ թողնել բոլոր տեսակի քաղաքական, կիսաքաղաքական քայքայող թեմաները և միանալ աջակցության խաղաղ երթին»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։ Նա 4 ամսով կալանավորվել է։