Մոտ 40 ավտոբուսով վերջին 2000 արցախցիները թողել են իրենց հայրենի տունն ու հողը և տեղափոխվել ՀՀ: Ստեփանակերտից հեռացել են ուշ գիշերը և 2:30-ի կողմերը հասել Կոռնիձոր:
Առավոտյան իրենց տներից տեղահանված մարդիկ տեղափոխել են Գորիս՝ օգնության կենտրոն, հայտնում է Sputnik Արմենիան։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: