Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն աջակցություն են ցուցաբերում բռնի տեղահանված արցախցիներին:
Նշվում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռանագաղթածներին կեցավայրերով ապահովելու խնդիրը։ Մայր Աթոռում, ինչպես և Արարատյան Հայրապետական, Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովման աշխատանքներ։ Ներկայիս արդեն իսկ Մայր Աթոռում և թեմապատկան կացարաններում բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ։
Հոգևորականներն իրականացնում են այցելություններ իրենց համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հոգևոր խնամքին և կարիքի գնահատմանը զուգահեռ հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն՝ սնունդով, հագուստով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով տեղում հաստատված արցախահայությանը։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում մոտ 400 մարդու։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։
Իզմիրլյան ԲԿ-ն ևս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։