AM
2 October 2023 - 07:39 AMT

Վարդան Ղուկասյան․ Այս պայմաններում Ավագանու ընտրությունների նոր փուլ թույլ տալ չի կարելի

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, արձագանքելով «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի՝ նոր ընտրությունների գնալու առաջարկին, հայտարարել է, որ ստեղծված պայմաններում ընտրությունների նոր փուլ թույլ տալ չի կարելի և ինքը չի պատրաստվում դրան գնալ ու «քուչա–քուչա նոր քարոզարշավ անել»։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր քաղաաքական ուժը չի ներկայանալու ավագանու առաջին նիստին, որպեսզի նոր ընտրությունների գնան։ Նա կոչ էր արել «Հանրային ձայնին» նույնպես բոյկոտել առաջին նիստը՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար: «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ չի գնալու առաջին նիստին։

Ղուկասյանը փաստացի հայտարարել է, որ հիմա «ամենակարևորն է թույլ չտալ ռոբասերժական կլանի դիրքերի ամրապնդում»՝ ինքը դրան նախընտրում է գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի «վերարտադրումը» (քաղաքապետիՔՊ թեկնածուն է, խմբ.)։

«Եթե Ավինյանը վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և հեռացնել, բայց եթե ռոբասերժական կլանն ամրապնդվեց, դա կլինի ՀՀ–ի վերջը, որը կդառնա գուբերնիա առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գորրծարքի, բայց Մարությանն ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի, որ նա չի լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչև ամսի 10-ը»,- ասել է Վարդան Ղուկասյանը։

Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որն անհրաժեշտ է քաղաքապետ ընտրելու համար։ «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 7 մանդատ և նրա միանալը որևէ քաղաքական ուժի կարող է վճռորոշ լինել։