Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի լուծման դեռևս պահպանվող հնարավորությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականությանն ու ստեղծված իրավիճակը որոշ չափով շտկելու հարցում ևս մեկ անգամ առաջարկել իր օգնությունը։
Նա նշել է, որ այս իրադարձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունն իսկապես «խլացնող է»՝ Բաքուն իր վերջին ռազմական ոտնձգությունները, իր վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, ու այս ամենի դեմ իշխանությունները լռում են, հայտնում է «Առավոտը»։
«Կամ նրանց հատուկենտ ոչ ադեկվատ արձագանքները այս իրադարձություններին ուղղակի զայրացնող են։ Հարյուր հազար մեր հայրենակիցներ արդեն թողել են ունեցած-չունեցածը, իրենց հարազատների գերեզմանները, հուշարձաններն են թողել, եկել Հայաստան։ Մենք մեր պատմական հայրենիքի մի մասն ենք տվել։ Եվ Հայաստանի իշխանությունները այս բոլորի հետ որևէ կապ չունեն։ Այս բոլորի վրա Ադրբեջանը դեռ մեր ժողովրդի ճակատին դաջում է տեռորիզմի պիտակը։ Արցախի ժողովրդի նկատմամբ պետական տեռոր իրականացնող պետությունը այսօր հայ ժողովրդին է տեռորիստ անվանում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը վերագրում է տեռորիզմի նկատմամբ պայքարի։
Ադրբեջանը իր վերջին ռազմական ոտնձգությունները, իր վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարի ու այս բոլորի դեմ դուք լռում եք, ոչ մի արձագանք չեք տալի՞ս։ Չէ՞ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում։ Բայց երբ որ լռություն է հայկական կողմից, նրանք արդեն դա ընդունում են որպես փաստ, որպես իրականություն։ 30 տարի և դրանից ավելի շուտ դուք երբևէ լսե՞լ եք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ինչ-որ մեկը տեռորիզմի մասին խոսի, երբևիցե այդպիսի բան եղե՞լ է, որևէ պետություն դրա մասին խոսե՞լ է։ Միջազգային հանրությունը, որ այդքան զգայուն է այդ հարցերում, երբևէ նրանից նման բան լսե՞լ եք։ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։
Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների՝ Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, ներկայացուցիչները երբ գալիս էին տարածաշրջան և հանդիպում Արցախի, ղեկավարության հետ, խոսում էին տեռորիստների հե՞տ։ Իսկապես։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ու՞ր է ԱԳՆ-ն, ինչի՞ ձայն չեք հանում։ Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք անցնում։ Մենք Արցախը դատարկել ենք։ 18-20 թվականների նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չդատարկվեց։ Մեր պատմության որևէ ժամանակահատվածում նման վիճակ երբեք չի եղել։
Եվ այս բոլորը արդյունք է Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության։ Այս վերջին հինգ տարիներին՝ 2018 թվականից, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանը իր ճակատագրական սխալն անի, նրան խորհուրդներ է տրվել և դիվանագիտական, և ռազմական՝ հրապարակային և կուլիսային։ Նա չի լսել, նա արհամարհել է։ Նրան դիվանագիտական խորհուրդներ են տրվել, նրան խորհուրդ է տրվել անօդաչուների հետ կապված։ Նա արհամարհել է այդ բոլորը։ Եվ, ահավասիկ, ունեցել ենք այս արդյունքը»,- նշել է նա։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։
Մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, որոնց Բաքուն ևս ձերբակալել է։