AM
2 October 2023 - 09:31 AMT

Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ Վարդանյանին և ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատելու հարցով

Մատենադարանի տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Բաքվում ապօրինի ձերբակալված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և բոլոր մյուս հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրով։

«Համընդհանուր ողբերգության և մարդասիրական ծայրահեղ ճգնաժամի՝ արցախահայության զանգվածային տեղահանման համատեքստում տեղի են ունենում առանձին իրադարձություններ, որոնք սասանում են մարդասիրական արժեքների, մարդկային արժանապատվության և բարոյական նորմերի համակարգը:

Այդպիսին է բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի ձերբակալությունն Ադրբեջանի ուժային կառույցների կողմից:

Նկատի առնելով նաև Ռուբեն Վարդանյանի ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանությունների կանխարգելման գաղափարների տարածման գործում՝ դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում:

Հ.Գ. Արդեն ութերորդ տարին է, ինչ Aurora Prize մարդասիրական նախաձեռնությամբ Մատենադարանում գրչագրվում է մի ձեռագիր, որում ամփոփվում են իրենց կյանքով ու գործով մարդասիրական արժեքները երաշխավորող «Ավրորա» մրցանակի դափնեկիրների անունները: Այդ մատյանը կոչվում է՝ «Մատեան մարդասիրաց»,- ասվում է ուղերձում։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։