AM
2 October 2023 - 12:41 AMT

Բաղդասարյան․ Հիմնական հոսքն Արցախից դադարել է՝ մնացել են պաշտոնայները

Ժամը 15:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել, ինչը նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է և առավելապես ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, բնակչության ավելի քիչ զանգված»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Հակարիի կամուրջը հատել է 21,107 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 89,167:

Պետության կեցավայրերից օգտվել է Արցախից ՀՀ բռնի տեղահանված անձանց մոտ 54 տոկոսը՝ 53,935 անձ։

Ժամանակավոր կացարան է ստացել Արագածոտնի մարզում՝ 2454 մարդ, Արարատում 13 հազար 50, Արմավիր 5186, Գեղարքունիքում 4337, Լոռիում 3263, Կոտայքում 13,297, Շիրակում՝ 2558, Սյունիքում 5089, Վայոց Ձորում 2134, Տավուշում 2567։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: