Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գորիսից կոչ է արել ոչ միայն օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, այլև Ադրբեջանի սպառնալիքները կասեցնել: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հազարավոր հայեր են ժամանում Գորիս՝ փախչելով Լեռնային Ղարաբաղում/Արցախում էթնիկ զտումներից: Մարդասիրական օգնության ավելացումից բացի, անհրաժեշտ են նաև միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար»,-ասվում է գրառման մեջ:
Ինյարիտուն նաև տեսանյութ է հրապարակել Գորիսից։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։