AM
2 October 2023 - 14:34 AMT

Փաշինյանը՝ Մարագոսին․ ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն:

Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2․6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։