AM
3 October 2023 - 07:13 AMT

Կիրակոսյան․ Մոտ 10 պահանջ ենք ներկայացրել ԱՄԴ, բայց Բաքվում կալանավորվածների ազատ արձակումը քիչ հավանական է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով Ադրբեջանի կողմից շինծու մեղադրանքներով կալանավորված հայ գործիչների մասին, տեղեկացրել է, որ ՀՀ–ն Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկով պահանջվում է արգելել Ադրբեջանի միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը:

Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակման հարցում Կիրակոսյանը լավատես չէ՝ այդ հեռանկարը նա քիչ հավանական է համարում։

«Չունեմ հիմք ենթադրելու, որ դատարանը նման որոշում կկայացնի՝ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանը, այլև ՄԻԵԴ-ը։ Այնուամենայնիվ շարունակում ենք պահանջել ազատ արձակել Եվրոպական դատարանի ձևաչափով, բայց կարծում եմ հավանականությունը մեծ չէ։ Դատարանները չեն միջամտում կամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին ազատ արձակել։ Միակ տարբերակն այն է, որ պահանջենք այդ անձանց իրավունքները երաշխավորել և ապօրինի գործընթացները հնարավորինս զսպել»,–ասել է Կիրակոսյանը։

Խոսելով Ադրբեջանի «սև ցուցակի» մասին՝ Կիրակոսյանն ասել է, որ ցուցակը ոչ ոք չի տեսել, սակայն կա հնչեցված թիվ՝ 300 անձ, որոնց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Կիրակոսյանը հորդորել է այդ անձանց զգուշավորություն ցուցաբերել արտերկիր մեկնելիս, քանի որ, թեև Ինտերպոլը, սովորաբար, նման պահանջները համարում է քաղաքական, սակայն, չի բացառվում, որ որևէ երկիր կարող է հանձնել այդպիսի անձանց Ադրբեջանին։

Նա նաև ասել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալության թեմայով Եվրոպական դատարան առանձին պահանջ է ներկայացվել։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։ Կալանավորվել են նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց ևս շինծու մեղադրանքներ են ներկայացվել մի քանի հոդվածներով։