AM
3 October 2023 - 08:35 AMT

ԱԺ–ում քննարկում են Հռոմի ստատուտի վավերացումը․ Նպատակը՝ բացառել ՀՀ-ում մարդկության դեմ հանցագործությունները

ՀՀ ԱԺ–ում քննարկվում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքել են դահլիճը, բացառությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակումներից հետո անհրաժեշտություն առաջացավ անպայման վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը, որը ավելի հայտնի է որպես Հռոմի ստատուտ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ կանոնադրությունը 1999–ից հետո երկու անգամ լայնածավալ փոփոխությունների է ենթարկվել, և այժմ Հռոմի ստատուտով սահմանվում է պատասխանատվության ենթարկել միջազգային ծանրագույն հանցագործությունները։

Կիրակոսյանը նշել է, որ խոսքն այս դեպքում պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության մասին է։

«Այն էական կանխարգելիչ ազդեցություն կունենա ՀՀ տարածքում նմանատիպ հանցագործությունները բացառելու համար։ Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ սուվերեն տարածքում դեռ գտնվում են ադրբեջանական զինված ուժեր, այս տրամաբանությամբ Հռոմի ստատուտի վավերացումը հիմնավորվում է»,– ընդգծել է նա։

Կիրակոսյանն ասել է, որ այս Հռոմի ստատուտի վարեվարեցումը քննարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում 2023 թ. մարտի 24–ին և 2004 թ. հակասահմանադրական ճանաչված նորմերը շտկվել են։

Հոկտեմբերի 2–ին Կիրակոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի ընդունման նպատակը պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելն է, այն Ռուսաստանի դեմ ուղղված չէ։ Նա հավաստիացրել է, որ կան իրավական մեխանիզմներև, որոնք կարող են ցրել ՌԴ մտահագությունները և կանոնակարգը նախատեսում է այդպիսի հնարավորություն, մասնավորապես, անձանց դատարանին հանձնելու հարցում։

Կիրակոսյանն ընդգծել է, որ այդ որոշումն ընդունվել է 2022 թվականաի ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ հարձակում եղավ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, երբ գնդակահարվեցին գերեվարված հայ զինծառայողներ, երբ անարգվեցին կին զինծառայողների մարմինները։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։

ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։