Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել:
«Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր այս այցը Հայաստան հերթական մի ձև է` ցույց տալու, որ Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»,- ասել է նա:
Լրացնելով Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է՝ կարելի է այսքանով սահմանափակվել։
Պատասխանելով ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը դադարեցնելու կարևորության մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ ՀՀ առջև երբևէ այդպիսի պահանջ չի դրվել։
«Կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով»,–ասել է Միրզոյանը։