AM
4 October 2023 - 10:46 AMT

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Դիմել ենք Բորելին՝ ընդլայնելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը և հզորացնելու մանդատը

Ֆրանսիան դիմել է Բրյուսելին՝ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցով։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, հայտնում է Factor.am-ը։

«Պաշտոնապես գրավոր դիմել ենք ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը և հզորացնելու մանդատը, որ առաքելությունը կարողանա է՛լ ավելի օգտակար լինել Հայաստանին։

Առաջարկել ենք նաև Հայաստանին ներառել խաղաղության եվրոպական մեխանիզմում, ինչպես, օրինակ, դա իրագործվում է Մոլդովայում․ այդպիսի ծրագիր կա Մոլդովայի համար։ Մեր նպատակն է նաև, որ ԵՄ-ն և նրա անդամները Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ կապված նույնպիսի հստակ ազդակներ տան, ինչպես Ֆրանսիան է տալիս։»,–ասել է նախարարը:

Նա հավելել է, որ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, պետք է շատ հստակ արձագանքի արժանանա։

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, այն տեղակայվել է 2 տարով։