AM
4 October 2023 - 13:28 AMT

Փաշինյան․ Հնգակողմ հանդիպումը չի կայանա, բայց կմեկնենք Գրանադա

Իսպանիայում կայանալիք հնգակողմ հանդիպումը չի կայանա, սակայն ՀՀ պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կմեկնի Գրանադա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել էինք Գրանադա այցելությունը։ Եվ ասեմ՝ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև հույս է հայտնել, որ «այն հայեցակարգայի փաստաթուղթը, որ դրված է սեղանին, կստորագրվի»։

«Մենք մեկնում ենք, հանդիպումներ կունենանք՝ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այն ստորագրել ու ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ շատ կարևոր որոշումը կայացվեց», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հայտնել է, որ իրենից բացի Գրանադա կմեկնեն նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։