Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների և աղջիկների համար։
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:
Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաև աշակերտների Հնդկաստան ուղևորության, կեցության, սննդի, հագուստի և բժշկական ծախսերը:
Ճեմարան ընդունելության համար ծնողները պետքէ իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։
Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:
Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ և ընտրությամբ, ինչպես նաև ճեմարանի տեսչության համաձայնությամբ, Հնդկաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես և՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. Անձնագիր, Մկրտության վկայական, լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ), լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով անունը և ազգանունը:
Հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (010) 517 283 հեռախոսահամարով։ Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։