Արցախից ևս 7 բռնի տեղահանված է հասել Հայաստան՝ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,632 անձ է ժամանել։ Տվյալները հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Բաղդասարյանի խոսքով հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96,940 ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։
Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա հոկտեմբերի 4–ի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է բուժում ստանալ 8 երեխա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։