AM
4 October 2023 - 14:27 AMT

Միրզոյան. Միջազգային դերակատարների ջանքերը բավարար չէին ապահովելու ԼՂ բնակչության անվտանգ կյանքն իր բնօրրանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հոկտեմբերի 3–ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր հանձնառությունը և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ու արժանապատիվ կյանքն իր բնօրրանում:

«Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման. Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավելի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների անվտանգության ապահովման հարցում: Եվ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մենք այդ մասին խոսելու և խնդիրը միջազգային առավելագույն բարձր մակարդակով բարձրաձայնելու հնարավորություն, տիկին նախարար, ունեցանք սեպտեմբերի 21-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով, որն ընդգծեմ հրավիրվել էր Ֆրանսիայի և Հայաստանի կողմից զուգահեռ ներկայացված նամակների հիման վրա»,–ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակական մարտահրավեր է:

«Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդուհանդերձ, երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը: Ի հավելումն ՄԱԿ ԱԽ հիշյալ նիստում ՀՀ արտահայտած ակնկալիքների՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առավելագույն հստակության ապահովումը՝ 1975թ. քարտեզի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառապես պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն»,–ասել է Միրզոյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։