AM
4 October 2023 - 14:49 AMT

Փաշինյան․ Գուցե իմ հայտարարության շնորհիվ 105,000–ից ավելի մարդ եկել, հասել է ՀՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինչու է ասել, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում, ասել է, որ արել է դա այն նկատառումով, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չավելանան։

«Ես կարող էի այդ պահին այնպիսի հայտարարություն անել, որ ևս 300 մարդ զոհվեր։ Իմ նպատակը եղել է այն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Եվ ես ուրախ եմ, որ իմ հայտարարությունից հետո 105,000 մարդ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում եկել, հասել է ՀՀ»,– ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ամենաանարդար բանը կլինի ասել, թե ՀՀ–ն մենակ է թողել Լեռնային Ղարաբաղին՝ հիշեցնելով, որ վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանասավորում է ապահովել։

«Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու։ Բայց մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին» , – ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այդ սադրանքի հիմնական թիրախը եղել ու շարունակում է մնալ ՀՀ–ն, իսկ ինքտ, որպես վարչապետ, առաջնային խնդիր ուներ ՀՀ անվտանգությունն ապահովելը, այդ թվում` նաև Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների։

«Պատկերացրեք, որ պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքը չկարողանար ապահովել»,–ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։