AM
4 October 2023 - 15:09 AMT

Գուրգեն Մելքոնյան. Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը, խոսելով հայ–ռուսական հարաբերություններում նկատվող լարվածության մասին, ասել է, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, հայտնում է Tert.am-ը։

Նա ասել է, որ եթե ՌԴ–ն պետք է գազը կտրի, թող կտրի՝ էդ գազն էլ չենք ուզում ։

«Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։ Մենք այնքան դժվարություններ ենք հաղթահարել։ Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն»,-ասել է իշխանական պատգամավորը։

Հոկտեմբերի 3–ին ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

Հայաստանից Ռուսաստան մեկնող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: