Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց հավաքը, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հիմնախնդիրները, ընդունվել է հայտարարություն:
Դրանով Մայր Աթոռը Հայաստանի իշխանություններին հորդորել է «վերջ դնել արկածախնդրություններին» և արտաքին քաղաքականության շրջանակում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, լինել զգոն և խելամիտ:
Նշվում է, որ մեր երկիրը և ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա։
«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:
Առավել քան հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար:
Առկա ծանր փորձությունների հանդիման՝ խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ աշխարհաքաղաքական խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար:
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:
Մեր քաջալերանքը և խոնարհումն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, որ հարազատական ամենաջերմ զգացումներով լծվել են Արցախից բռնությամբ տեղահանված արցախահայերի կարիքների հոգածությանը:
Մեր Եկեղեցու հավատավոր հոտին հորդորում ենք նույն նախանձախնդրությամբ շարունակել արցախահայության աջակցության ծրագրերը: Հորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը և, մասնավորաբար, հեռու մնալ արցախցի-հայաստանցի հակադրություն հարուցանող ամոթալի եզրաբանությունից: Հայ ժողովուրդը մեկ է իր ինքնությամբ, իր անցյալով և իր տեսիլքներով: Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակաազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։