Ուսուցիչների դասաժամերը կկրճատվեն։ Գործադիրն ընդունել է ուոսուցիչների դրույքով նախատեսված աշխատաժամերի քանակը վերանայող նախագիծը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դա թույլ կտա նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը։
Նախագծով նախատեսվում է տարրական դասարաններում 1 դրույքաչափը սահմանել շաբաթական 18 դասաժամ գործող 22–ի փոխարեն, իսկ 5-12–րդ դասարաններում՝ 20 դասաժամ, գործող 22–ի փոխարեն։
«Սա կհանգեցնի տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձերի 20 տոկոս աճի, 5-12–րդ դասարաններում` 10 տոկոս աճի»,– հայտարարել է նախարարը։
Անդրեասյանն ասել է, որ շաբաթական 22 ժամ դրույքաչափը թույլ չի տալիս կրթական նոր չափորոշիչներով առաջադրված խնդիրները լուծել։ Գործընթացը տեղի կունենա փուլային տարբերակով։
Ըստ նախարարի, նախագիծը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը։