AM
5 October 2023 - 09:20 AMT

Խաչատրյան. Ֆրանսիայի հետ կբանակցենք ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՀ–ն Ֆրանսիայի հետ կբանակցենք ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ:

«Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու շուրջ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ ՀՕՊ-ն այսօր մեր ամենակարևոր բացերից ու խնդիրներից է՝ հատկապես 44-օրյա պատերազմից և անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո։

«Մեզ նոր որակ է պետք, մենք պետք է հաշվի առնենք աշխարհի լավագույն օրինակները, ինչպես նաև մեր բնութագրերը, որ մենք փոքր երկիր ենք, նույնիսկ ռազմավարական տարածքային խորություն չունենք և, ըստ այս ամենի, պետք է կազմակերպենք մեր հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս թեման քննարկվելու է Ֆրանսիայի հետ, սակայն բանակցություններն այլ երկրների հետ ևս չեն բացառվում։

Հարցին, թե զենքը անվճա՞ր կտրամադրվի, թե Հայաստանը պետք է վճարի դրա համար, Խաչատրյանը պատասխանել է՝ զենքը նվեր չի տրվում, Հայաստանը վճարում է ամեն ինչի համար։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: