AM
5 October 2023 - 13:53 AMT

Փաշինյանն ու Զելենսկին կարճ հանդիպում են ունեցել․ Քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հայաստանի ու Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին կարճատև հանդիպում են ունեցել Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում։ Դա նրանց առաջին հանդիպումն էր։

Հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպմանը քննարկել ենք անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ժողովուրդների հետ բարեկամական հարաբերություններով։ Մենք նաև քննարկել ենք մեր երկկողմ համագործակցությունն ու միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,– գրել է Ուկրաինայի նախագահը։

Հոկտեմբերի 4–ին Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով իր աջակցությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Նա նաև երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանի կողմից իրենց ցուցաբերվող մարդասիրական օգնության համար։

Սեպտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝Աննա Հակոբյանը, Կիևումմասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Սեպտեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։