Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ով այցելել էր Սյունիք՝ դիմավորելու ԻԻՀ հումանիտար օգնությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար, անդրադարձել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է միջանցք տրամադրել Ադրբեջանին։
«Մենք ցանկացած բանի, որի անունը միջանցք է՝ դեմ ենք, ու որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո։ Իսկ եթե խոսքը վերաբերում է հաղորդակցությանը, ապա ներկա պահին էլ կա։ Թուրքիայի և Ադրբեջանի բեռնատարները գալիս-գնում են։ Նրանք, ովքեր մտածում են՝ որ կարող են իրենց անորոշ հայտարարություններով ինչ-ինչ հնարավորություններ ստեղծել՝ չարաչար սխալվում են»,– ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։
Իրանից ստացված մոտ 60 տոննա մարդասիրական օգնությունը՝ սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ կբաշխվեն Սյունիքի մարզում բնակություն հաստատած Արցախից բռնի տեղահանվածներին։
«Սա Իրանի ժողովրդի զորակցությունն է հայ ժողովրդին, մենք ի սկզբանե պատրաստվում էին մարդասիրական բեռներ ուղարկելու Արցախի ժողովրդին, բայց չստացվեց։ Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպմանը հումանիտար աջակցության տրամադրման մասին նաեւ մեր գերագույն գլխավոր առաջնորդն ու նախագահն են այդ մասին խոսել, նաև պնդել՝ Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պիտի պահպանվեն»,- ասել է դեսպանը։
Նա նշել է նաև, որ Հայաստանն Իրանի լավ բարեկամն է, ու հարևանը, իսկ Իրանը կանգնած է Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի կողքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով:
ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։