ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ստորագրած քառակողմ հայտարարությամբ մեկ անգամ ևս հաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ տարածքում։
Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում էլ ընդունվել է համատեղ հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով ՀՀ կարիքներից։ Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։
Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։
Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։
Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։ Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բացման կոչ են արել։
Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,–գրել է նա։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. մայիսին հայտարարել էր, որ Ադրբեջանի 86,600 քկմ–ն ներառում է նաև անկլավները։
2023–ի 22-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանն այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86,600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։
«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները», – ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։