Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որով դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատվում Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ:
«Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի օղակների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,–ասվում է հայտարարության մեջ։։
Նշվում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին և որ այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված։
«Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։
Ինչպես քննարկել ենք այս շաբաթվա սկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10․45 միլիոն եվրո։
Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա լուծել հրատապ սոցիալ-տնտեսական կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:
Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական և Ներդրումային Պլանը (EIP) նախատեսում է մինչև 2․6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:
Նախագահ Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Առաջիկա օրերին մենք կշարունակենք քննարկումները մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»,–ասվում է հայտարարության մեջ։
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքումընդունվել է համատեղ հայտարարություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։
«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։