ԼՂ-ից բռնի տեղահանված 100, 632 անձանցից 75,472-ը, այսինքն մոտ 75 տոկոսը տեղաբաշխվել է Հայաստանի տարբեր մարզերում: Ամենամեծ թվով բռնի տեղահանվածները տեղավորվել են Կոտայքի մարզում՝ 21,593, հայտնլ է վարչապետի մամուլի խոսնակՆազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ բոլոր ուղղություններով համակողմանի աշխատանք է տարվում, հայտնում է Արմենպրեսը։
«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100,632: Հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը կազմում է մոտ 99 տոկոս: Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքագրվում են տվյալներ, փորձում համադրել՝ բացառելով կրկնօրինակ ցուցանիշները»,-ասել է Բաղդասարյանը:
«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 3967, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8044, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում՝ 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունիքում՝ 5444, Վայոց Ձորում՝ 2134, Տավուշում՝ 3139»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:
Նա հայտնել է, որ նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։