AM
6 October 2023 - 14:37 AMT

Փաշինյանն ու Միրզոյանը Գրանադայում կարճ հանդիպում են ունեցել Տիխանովսկայայի հետ

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Գրանադայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանը հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Համակարծիք եմ, որ բանակցությունները պետք է երկար սպասված և կայուն խաղաղություն բերեն տարածաշրջան»,–գրել է նա։

Նա նաև լուսանկար է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։