Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:
Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են հետագա փոխգործակցությանն ու քայլերին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո Հայաստանին հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն, ևս 10․45 միլիոն եվրո կհատկացվի Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալու համար։